Վարչապետի հաջորդ քայլն անվտանգության խորհրդի նիստից հետո




Lragir.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը մարտի 15-ի երեկոյան աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության անդամների հետ, որոնք Հայաստանում խոշոր տնտեսվարողներ են, խոշոր գործատուներ, տնտեսական կյանքի խոշոր խաղացողներ․․․

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, դրա ընթացքում քննարկվել է երկրում ներդրումային մրջավայրին, տնտեսական բարեփոխումներին առնչվող հարցերի շրջանակ․․․

Կարեւոր է համարվել տնտեսական բարեփոխումների շարունակումը, միաժամանակ կառավարության եւ տնտեսվարողների միջեւ երկխոսությունը․․․

Դա պաշտոնական հաղորդագրությամբ, իսկ թե ինչ բովանդակություն է ունեցել ընթրիքը ավելի մանրամասն, հայտնի չէ: Ինչ են խոսել խոշոր գործատուներն ու վարչապետը, արդյոք գործարարներն ունեցել են դիտողություններ, կապված տնտեսական քաղաքականության հետ․․․

Բոլոր դեպքերում, բիզնեսի այդ շրջանակի հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումը խիստ հատկանշական է մարտի 12-ին Արցախում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից եւ դրանում Նիկոլ Փաշինյանի ունեցած ծրագրային ելույթից հետո․․․

Թեեւ այն առնչվում էր Արցախի հարցին եւ վերաբերում էր դրանում շահառու ուժային կենտրոնների հետ Հայաստանի երկխոսության, նոր բովանդակության շուրջ քննարկումների գործընթաց սկսելուն, այդուհանդերձ հարցն անշուշտ իր ընդգրկումով չափազանց լայն է եւ ներառում է հայկական պետականության կենսագործունեության տիրույթն ամբողջությամբ․․․

Ի վերջո, աշխարհի հետ այդ հարցում նոր բովանդակությամբ խոսելու համար, քաղաքական կամ ներքաղաքական նոր բովանդակությունից բացի հույժ կարեւոր է Հայաստանի տնտեսական նոր բովանդակությունը, տնտեսական նոր հարաբերություններն ու զարգացման վեկտորներն ու միտումները․․․

Հայաստանի մինչ այդ եղած տնտեսական բովանդակությունը ամենեւին չուներ այն ներուժը, որը թույլ կտար այլ բովանդակությամբ խոսել աշխարհի ուժային կենտրոնների հետ․․․

Այդ իմաստով էլ հատկանշական է Ստեփանակերտի ելույթից հետո խոշոր բիզնեսի շրջանակի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ու աշխատանքային ընթրիքը, որը գործնականում հնարավոր է դիտարկել ինչ որ իմաստով տնտեսական անվտանգության «խորհրդի» նիստ կամ տնտեսական անվտանգության ընթրիք գործարարների հետ․․․

Կասկածից վեր է այն ներառականության անհրաժեշտությունը, որ Հայաստանի տնտեսության զարգացման պատկերում դիտարկում է վարչապետը եւ հայտարարում այդ մասին տարբեր առիթներով․․․

Հայաստանի տնտեսությունն իհարկե նոր բովանդակությունից բացի, դրան զուգահեռ ունի նաեւ նոր կազմի կամ մասնակիցների համալրման անհրաժեշտություն, ընդ որում ոչ միայն խոշոր խաղացողների, այլ նաեւ գուցե առաջին հերթին փոքր, միջին բիզնեսի տիրույթում․․․

Սակայն, դրան զուգահեռ, աներկբա է, որ Հայաստանի տնտեսությունն այժմ ունի կորիզ՝ ինչպիսին էլ այն գնահատենք նախկին համակարգի խաղի կանոնների եւ բնույթի տրամաբանության շրջանակում, որի հետ պետք է աշխատել հատկապես անցումային ներկայիս փուլում իրավիճակի ոչ միայն կայունությունը, այլ նաեւ կայուն զարգացումը ապահովելու համար․․․

Ինչ խոսք, հաճախ զարգացման թռիչքաձեւ տարբերակի համար ավելի պարարտ հող է դառնում ճգնաժամը, սակայն այդօրինակ մոդելի ճոխություն իրենց կարող են թույլ տալ երկրները, որոնք չունեն անվտանգության հրատապ, ամենօրյա սուր անհրաժեշտություն․․․

Առավել եւս, որ Հայաստանը գործնականում հենց ճգնաժամում էր եւ թավշյա հեղափոխությունը խոշոր հաշվով դրանից թռիչքաձեւ ելքի դրսեւորում էր, պարզապես քաղաքական բովանդակությամբ, որը ստեղծում է տնտեսական ելքի արդեն կայուն մոդելի հնարավորություն․․․