Փաշինյանի էշն է խռուստալից, թե ոստիկանությունում դերասանությունն է ժառանգական




Թավշյա հեղափոխությունից հետո, եթե կուզեք դրա վերջին ակորդի ժամանակ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով կարծես թե պատմության գիրկն էինք ուղարկել նախկին բիրտ մեթոդներով աշխատող ոստիկանին, որը ծեծող ու ջարդող էր, որը մահակներով ցույց ցրող էր, լուսաձայնային նռնակներ պայթեցնող, քաղաքացու հետ անհարգալից ձեւով հարաբերվող:

Աչքներիս առաջ պատմության գիրկն էր անցնում տասնամյակներ շարունակ ամենապրոֆեսիոնալ ցույց ցրողի տիտղոսակիր Վալերի Օսիպյանը եւ մեր առջեւ հառնում թավշյա հեղափոխության օրերին սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտի մաս դարձած բոլորովին ուրիշ Օսիպյան, որն այլեւս Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նոր Հայաստանի նոր ոստիկանապետն է:

1990-ականներից ոստիկանական համակարգում Վալերի Օսիպյանի բռնարարքների ու նրա հրահանգը կատարող ոստիկանական հրոսակախմբերի մասին հատորյակներ կարելի է գրել, բայց , ահա, ոստիկանապետ նշանակվելուն պես պարոն Օսիպյանը անցել էր ինքնամաքրման գործի, դարձել լրատվականների աստղը եւ ամենուր արդարանում էր, որ անցյալում ինքը ստիպված է եղել նման գործունեության հարցում:

Հեղափոխության վերջին օրերին ոստիկաններն իրենց վարքով էին դա ապացուցում, նրանք այնպիսին չէին, ինչպես նախկինում, նրանք աջակցում էին հեղափոխականներին , լիովին ընդունել էին <<ոստիկանը մերն է>> ցուցարարների կարգախոսը:

Նոր Հայաստանում էլ մեզ կերակրում էին, թե այլեւս ուրիշ որակի ոստիկանություն ունենք, այլեւս սկսում ենք նոր էջից եւ որեւէ ոստիկան չի կարող բռնություն ենթարկել որեւէ հպարտ քաղաքացու նկատմամբ:

Բայց ահա առաջին փորձությունը ու հօդս ցնդեցին այդ խոստումները: Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման գործընթացի ժամանակ ամենազազրելին, անշուշտ, ոստիկանների պահվածն է:

Նրանք իրենց դաժանությամբ ոչ միայն չէին զիջում նախորդներին, այլ մի քանի անգամ գերազանցում են՝ քաշքշելով փողոց փակող ցուցարարներին, հարվածելով, ջարդուփշուր անելով մարդկանց, որոնք ընդամենը պայքարում են իրենց աշխատատեղերի համար:

Ստացվում է, որ դերասանությունը ոստիկանությունում ժառանգական է, երբ նրանք կորցնում էին նախկին տերերին, այլ բան չէր մնում, քան դառնալ ժողովրդի ոստիկանը, իսկ հիմա , երբ արդեն նոր տեր ունեն, կատարում են այդ տիրոջ կամքը:

Մյուս կողմից անհասկանալի էր, թե ինչից էին այդքան կատաղել իշխանություններն ու իրենց սպասարկու ոստիկանները, ի վերջո, մարդիկ կրկնում էին ճիշտ նույն մեթոդը, ինչ ժամանակին Փաշինյանն ու իր թիմակիցները: Թե Փաշինյանի էշը խռուստալից է, իրեն կարելի է հարցերը լուծել փողոց փակելով, մյուսներին՝ ոչ:

Անի Սահակյան