«Ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի՝ ուր է գնում Հայաստանը»

2018 թ. հեղափոխության արդյունքում ձևավորված նոր՝ անցումային կառավարությունը, հաջորդած ամիսներին աչքի չընկավ բազմավեկտոր արտաքին քաղաքականությամբ, թեև Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին և 8-ին Ազգային ժողովում վարչապետի թեկնածուի կարգավիճակում կարևորել էր արտաքին հարաբերությունների զարգացումը ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև Եվրամիության, ԱՄՆ-ի, արևմտյան կառույցների հետ: Բայց հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր հայ-ռուսական հարաբերություններին և հետխորրդային տարածքում գործող կառույցներում ՀՀ դերակատարման, այդ կազմակերպությունների անդամ երկրների հետ մեր հարաբերությունների վրա: Այս պայմաններում զգալիորեն անտեսվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մյուսը՝ արևմտյան ուղղությունը, և մասնավորապես՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Ամբողջ հարցն այն է, որ դժվար է միանշանակ պնդել՝ եվրոպական ուղղությամբ 2018 թ. ընթացքում առաջընթաց ունեցել ենք, թե՞ ոչ: Հայ-եվրոպական երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր հիմնական փաստաթուղթն այժմ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագին է (CEPA), որը ստորագրվել է 2017 թ. նոյեմբերին, սակայն փաստաթուղթն առայժմ Հայաստանից բացի՝ վավերացրել է ընդամենը 8 եվրոպական երկիր: 2018 թ. հունիսի 1-ից մեկնարկեց շրջանակային համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: Սակայն լուրջ առաջընթաց այս ուղղությամբ առայժմ չի նկատվում: Ամեն դեպքում Եվրամիությունը հստակ նշել է, որ սատարելու է Հայաստանի նոր իշխանություններին՝ կառավարությանը և խորհրդարանին:

Փաշինյանի թիմակիցները կարծում են, որ կոռուպցիայի դեմ սկսված լայնածավալ պայքարով, ազատ և արդար ընտրությունների անցկացմամբ, երկրում մարդու իրավունքների վիճակի բարելավմամբ նոր կառավարությունն արդեն իսկ առաջընթաց է արձանագրել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում, որովհետև դրանք են միշտ եղել Բրյուսելի սպասելիքները Հայաստանից: Բայց Փաշինյանի ընդդիմախոսների կարծիքով՝ 2018 թվականը կորսված տարի էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար:

https://i.ytimg.com/vi/N_wjuSEXa2U/maxresdefault.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

– Տիկին Մկրտչյան, Ազգային ժողովի նախորդ գումարման մեծամասնության ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն ասել է, թե Հայաստան-ԵՄ համաձայնագիրն այդպես էլ միս ու արյուն չի ստանում և չդարձավ երկրի բարեփոխման ուղենիշ: Իսկ նոր քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, օրինակ՝ Հովհաննես Իգիթյանը, ասում են, որ առաջընթաց կա ԵՄ-ի սպասելիքների և համաձայնագրի սկզբունքների իրականացման առումով: Դուք ո՞ր տեսակետին եք հակված:

– Պետք է նկատի ունենալ, որ երկու բնորոշումներն էլ ելնում են մեկ մեկնակետից, այն է՝ Հովհաննես Իգիթյանն այլևս իշխանության ներկայացուցիչ է և որոշել է, որ իշխանության կարգավիճակում պետք է ջերմորեն պաշտպանի Նիկոլ Փաշինյանի կառավարության քայլերը: Մյուս տեսակետի կողմնակիցը՝ Արմեն Աշոտյանը, ընդդիմություն է և ելնում է հակառակ մեկնակետից, որ պետք է քննադատի նոր կառավարությանը: Բայց ես, մի կողմ թողնելով այս երկու տեսակետները, կուզենայի ասել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առումով Հայաստանը դադար է վերցրել, և թեպետ Երևանը ստորագրեց նոր՝ Շրջանակային համաձայնագիր ԵՄ-ի հետ, այնուամենայնիվ, չմոռանանք, որ Հայաստանը կորցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը ստորագրելու հնարավորությունը և, փաստացի, հրաժարվեց այն ստորագրելուց դեևս Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ: Դրանից հետո կատարվեց մի կես քայլ՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առումով, որն ինձ երբեք չի գոհացրել: Այնպես չէ, որ առաջընթաց չենք ունեցել Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացման գործում:

Միաժամանակ պետք է նշել, որ ես հետընթաց եմ նկատում նույնիսկ այդ մակարդակում, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այսօր, Ռուսատանից ու «եվրասիական» կառույցներից բացի, այլ պետություն, քաղաքական միավոր, միջազգային կառույց, ըստ էության, չկա: Հայաստանի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ռուսաստանի վրա, իսկ դա արդարացված չէ ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանն անվերջ խնդիրներ է ստեղծում մեզ համար, այլև Հայաստանի խնդիրներն արտաքին քաղաքականության ոլորտում առաջանում են նաև այն պատճառով, որ մենք որոշել ենք, որ մեր միակ գործընկերը Ռուսաստանն է:

Մինչդեռ այդպես չէ:

Աշխարհում կան այլ պետություններ, և թե՛ եվրոպական երկրների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, թե՛ հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ որպես կառույցի, շատ կարևոր են: Հայաստանը պետք է որոշի՝ գնում է դեպի Եվրոպա՞, թե՞ մնում է Ռուսաստանի վասալը: Ես ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի՝ ու՞ր է գնում Հայաստանը: Այս հարցի պատասխանը չկա: Իսկ նորացող աշխարհում ինտեգրացման գործընթացներ են առկա՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտակրթական:

 

– Փաշինյանը հստակ ասել է, որ հեղափոխությունից հետո արտաքին քաղաքական շրջադարձեր չեն լինելու:

– Եվ դա շատ վատ է:

Բոլոր սխալները դրանից են բխում: Ես արդեն ասացի, որ Փաշինյանի իշխանությունը արտաքին քաղաքականության ռազմավարություն, հայեցակարգ չունի, քաղաքականություն չեն էլ մշակում:

Մեր իշխանությունների միակ խնդիրը դարձել է նայել դեպի հյուսիս, տեսնել, թե  այնտեղ ինչ խնդիրներ են ստեղծվում Հայաստանի համար, որ փորձեն արագ լուծել այդ խնդիրները:

Եթե հեղափոխություն ես անում և հեղափոխությունը չի բերում քաղաքական փոփոխությունների արտաքին քաղաքականության մեջ, ապա այդ հեղափոխությունն աստիճանաբար արժեզրկվում է այն պարզ պատճառով, որ նման արտաքին քաղաքականության պատճառով Հայաստանը դարձել է Մոսկվայի ռազմաքաղաքական արբանյակը, ինչն էլ սպառնալիք է դարձել ՀՀ ինքնիշխանության համար:

– Կարծում եք՝ ռուսական ուղղության վրա կենտրոնանալու պատճառը Փաշինյանի հայացքնե՞րն են, թե՞ այն իրատեսական ընկալումը, որ ինչքան էլ ուզում ենք ժողովրդավարական պետություն կառուցել ու դրան ամենևին չէր խանգարի արևմտյան լիբերալ-դեմոկրատական երկրների աջակցությունը, այնուամենայնիվ, կտրուկ շարժումներն արտաքին քաղաքականության մեջ և Ռուսաստանից երես թեքելը շատ լուրջ վտանգներ է պարունակում:

– Ես պարզապես ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս կարելի է ընդդիմադիրի կարգավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ունենալ մի դիրքորոշում, բայց իշխանության գալուց հետո կտրուկ փոխել այդ դիրքորոշումը: Իմ համոզմամբ, ինչպես նաև՝ քաղաքագիտության բոլոր օրենքների ու կանոնների համաձայն՝ ընդդիմությունն իշխանության է ձգտում և իշխանության է գալիս՝ իր ծրագրերն իրականացնելու, ոչ թե դրանք կտրուկ փոխելու համար:

Եթե Փաշինյանը, որպես ընդդիմադիր պատգամավոր, խիստ քննադատաբար էր խոսում Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի մասին, բայց իշխանության գալուց հետո կտրուկ փոխում է իր մոտեցումները, ապա դա նշանակում է, որ նա առանձնապես պատկերացում չունի Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: Կա՛մ դա է պատճառը, կա՛մ էլ նա Հայաստանի արտաքին քաղաքական ռազմավարության մասին չի էլ մտածում:

– Նա պետք է արդեն ունենա՞ր ռազմավարություն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, թե՞ նոր կառավարության ձևավորումից հետո պիտի տեսնենք իր ծրագրերը:

– Արդեն 8-րդ ամիսն է անցնում: Հեղափոխությունն այնքան արագ զարգացումներ է բերում և կարելի է հաշվարկել հետևյալ կերպ՝ հեղափոխության մեկ օրը հավասար է ավելի խաղաղ, կայուն ժամանակաշրջանի 10 օրվա: Հեղափոխությունն արագացում է հաղորդում քաղաքական կյանքին:

Եթե մեր քաղաքական կյանքին արագություն չի հաղորդվել՝ նշանակում է՝ հեղափոխությունը տեղապտույտ է տվել: Ես այդ արագացումը չեմ տեսնում:

Իսկ ի՞նչ է արագացումը՝ նախ, հստակ մատնանշել՝ որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ապա սկսել քաղաքականություն մշակել և իրականացնել այդ առաջնահերթությունների կենսագործման ուղղությամբ, շտկել նախկին իշխանությունների սխալները, մանավանդ որ պարզապես Իրանի, Վրաստանի, Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին խոսելը որևէ բան չի փոխում: Դա ասել են բոլոր իշխանությունները:

Ես ուզում եմ Վրաստանին տեսնել որպես մեր ռազմավարական, քաղաքական, տնտեսական գործընկեր պետության:

Ուզում եմ Հայաստանը էապես խորացնի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:

Անկեղծորեն ուզում եմ փոփոխություններ տեսնել նաև Թուրքիայի հետ հարաբերություններում: Ի վերջո, Հայաստանը ինքը պիտի կարողանա նախաձեռնող լինել, բայց դա անի արժանապատվորեն՝ ազգային-պետական  շահերը հաշվի առնելով:

Ոչ մի նախաձեռնողականություն նոր կառավարությունը չի դրսևորում: Զրո նախաձեռնողականություն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ ինչպես եղել է Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, երբ Մոսկվան ինչ ասում էր՝ մեր արտաքին քաղաքականությունը հարմարեցվում էր դրան: Այսօր էլ փոփոխությոն չկա առանձնապես. հիշեցնեմ վերջին արտաքին քաղաքական որոշումը՝ ՄԱԿ-ում Հայաստանի վերջին քվեարկությունը ուկրաինական բանաձևին: Չի կարելի վարել իրավիճակային արտաքին քաղաքականություն:

– Համաձա՞յն եք, որ Հայաստանն այսօր կանգնած է բավական բարդ ռազմավարական երկընտրանքի առջև: Այսինքն, մի կողմից մենք ուզում ենք բարեփոխումներ անել, վերացնել կոռուպցիան, ստեղծել արդար տնտեսական համակարգ և լավ պայմաններ ապրելու համար, բայց մյուս կողմից՝ Հայաստանի համար շատ կարևոր է համագործակցությունը անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ, ինչը թեև լուծում է անվտանգության, պաշտպանական շատ հարցեր, բայց առաջացնում է քաղաքական լուրջ խնդիրներ՝ ընդհուպ մինչև սպառնալիքը երկրի ինքնիշխանությանը: Երկրի ներքին զարգացման ներկայիս տրամաբանության պահպանման դեպքում, Ձեր կարծիքով, Հայաստանը երկարաժամկետ, ռազմավարական հեռանկարում կպահպանի՞ իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, թե՞ ի վերջո կթեքվի դեպի Արևմուտք:

– Ես ընդհանրապես չեմ սիրում «արևմտամետ», «եվրոպամետ», «ռուսամետ» ձևակերպումները, ակայն չեմ կարծում, որ ներկա իշխանությունը կվարի արևմտամետ արտաքին քաղաքականություն, այսինքն՝ այնպիսի քաղաքականություն, որ Հայաստանն ավելի կմոտեցնի Եվրոպային, Արևմուտքին ընդհանրապես: Նախ և առաջ, նկատում եմ, որ նոր իշխանության ներկայացուցիչները շատ բան չեն հասկանում Եվրոպայից, արևմտյան քաղաքականությունից, քաղաքական մոդելից, քաղաքակրթությունից:

Իսկ եթե մի բան չես հասկանում՝ հազիվ թե այնտեղ գնաս: Իրենց համար շատ ավելի հասկանալի է Ռուսաստանը՝ ինչպես նախորդ իշխանությունների համար:  Եվ Ռուսաստանը, ԵԱՏՄ-ն կարծես, ավելի հոգեհարազատ են դառնում այս իշխանություններին, ինչն ամենավտանգավորն է (թեպետ ԵԱՏՄ-ում մեզ բացահայտ նվաստացնում են): Այս ամենը հղի է ոչ միայն Ռուսաստանի Հայաստանի կախվածության խորացմամբ, այլև նույն կառավարման մոդելը Հայաստանում ներդնելու հեռանկարով: Իսկ արևմտյան քաղաքակրթությունը ենթադրում է բաց հասարակություն, ժողովրդավարական կառավարում: Հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ ժողովրդավարական կառույցներն, այնուամենայնիվ, սկսեն աշխատել: Բայց եթե շարունակում ես Ռուսաստանի հետ մնալ այնպիսի միավորումներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, որոնք բերում են միայն բացասական հետևանքներ, 21-րդ դարին ոչ հարիր քաղաքական զարգացումներ, ապա դա ինքընստինքյան թողնում է իր հետքը:

Եթե ամփոփեմ խոսքս՝ Հայաստանի այս իշխանություններից չեմ սպասում, որ կգնան դեպի Արևմուտք: Նույնիսկ չեն էլ փորձի խուսանավել: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ արձագանքներ կլինեն, եթե Ռուսաստանը շատ միջամտի ՀՀ ներքին գործերին:

Բայց դրանք կլինեն հռետորական արձագանքներ: Գործնական քայլեր չեմ տեսնում և նաև չեմ կարծում, որ Հայաստանը կփորձի դիմակայել անգամ արժանապատվության ոտնահարմանը: 102-րդ ռազմահենակետի հետ կապված՝ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ողբերգական միջադեպերը դրա վառ օրինակն են:

– Եվրամիությունը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարեց, որ սատարելու է Հայաստանի ժողովրդավարացման հետագա գործընթացներին և պատրաստ է համագործակցել նոր կառավարության հետ՝ CEPA-ի հիման վրա: Որքանո՞վ լուրջ կլինի ԵՄ-ի քաղաքական, ֆինանսական աջակցությունը Հայաստանին:

– Քանի դեռ Հայաստանը չի փոխել իր արտաքին քաղաքականության ռուսական կողմնորոշումը, Եվրամիության աջակցությունը կարող է լինել բառերի, հայտարարությունների և փոքր ֆինանսական աջակցության տեսքով, որպեսզի ամբողջությամբ չկորցնի Հայաստանը: Մեծ աջակցություն հնարավոր չէ սպասել: Սա, իհարկե, չի նշանակում, որ Եվրամիությունն իր դրամաշնորհներով արդարամիտ քաղաքականություն է վարում:

Նայեք, թե ովքեր են դրամաշնորհներ ստանում Եվրոպայից: Օրինակ՝ Ստեփան Գրիգորյանը, որն ընդգրկվեց մի կուսակցության համամասնական ցուցակում, որը բոլորովին այլ քաղաքական տեսլական ունի՝ ազգայնականություն, Քուռ-Արաքսյան հանրապետություն և այլն:

Բայց այդ մարդը տարիներ շարունակ դրամաշնորհներ է ստանում ԵՄ-ից: Դավիթ Շահնազարյանը, որը նախկինում Հայաստանի եվրաինտեգրման ջեմեռանդ կողմնակիցներից էր և դիտվում էր որպես «արևտամետ», մեկեն փոխեց իր արտաքին քաղաքական հայացքներն ու միացավ մի կուսակցության, որը բացահայտորեն կրեմլյան քաղաքականության աջակիցն էր:

Բացի այդ, դրամաշնորհներ են ստանում այնպիսի հասարակական կառույցներ, որոնք առանձնապես օգուտ չեն տալիս Հայաստանի հասարակությանը, չեն նպաստում եվրոպական արժեքների ամրակայմանը Հայաստանում: Այսինքն, այնպես չէ, որ ես կարծում եմ, թե Եվրամիության աջակցությունը Հայաստանին նպատակային է, ճիշտ հասցեագրված, արդյունավետ: Այստեղ էլ լուրջ կասկածներ ունեմ:

Քննադատելով ԵՄ-ին՝ պիտի ասեմ, որ Հայաստանում Եվրոպայի ձախողման պատճառներից մեկը նաև դա է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

PAKEL