Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական թանկացումներ. 2019թ. թանկացումների առնվազն 3 ալիք է սպասվում





Թեև Կենտրոնական բանկը հայտարարում է, որ 2018 թվականին գնաճը կանխատեսվածից ավելի ցածր է, այնուհանդերձ ասել, որ տարին զերծ էր թանկացումներից, միանշանակ սխալ կլինի: Տարվա ընթացքում թանկացումները հաստատել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոս ամսին երևանյան շուկաներում իր կատարած շրջացիարդյունքում: Դրանից բացի, ակնհայտ է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում կյանքն ակնհայտ թանկացել է, օրինակ՝ ալյուրի գինը բարձրացել է շուրջ 10 տոկոսով, որի արդյունքում էլ առաջնային մթերք համարվող հացը մի շարք խանութներում 100 դրամի փոխարեն՝ սկսել են վաճառել 120 դրամով: Սակայն, եթե 2018թ. դեպքում կարող ենք տարին ավարտված և արհավիրքներն ինչ-որ կերպ հաղթահարված համարել, ապա արդեն մեկնարկած 2019թ. այս առումով այնքան էլ խոստումնալից չէ: Ավելին, 2019թ. թանկացումների առնվազն 3 ալիք է սպասվում:

Թանկացումների առաջին ալիքը, որ արդեն իսկ ընթացքի մեջ է, կապված է Հայաստանի ԵԱՏՄ միասնական մաքսային համակարգին ինտեգրվելու շարունակական գործընթացի հետ: Բանն այն է, որ ՀՀ-ի և ԵԱՏՄ այլ երկրների մաքսատուրքերի միջև կար հսկայական տարբերություն, և 2014թ. որոշվեց այդ ապրանքների մի մասի՝ շուրջ 800 ապրանքատեսակի մաքսատուրքերը բարձրացնել աստիճանական՝ այդպիսով նպատակ ունենալով մեղմել կենսական նշանակություն ունեցող ապրանքների կտրուկ թանկացումը, ինչը ֆիքսվել է Հայաստանի ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրի առանձին հավելվածով:Համաձայն վերջինիս, 2019թ. հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացել են երրորդ երկրներից ներմուծվող մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերը, որը շատ մոտ ապագայում կարտացոլվի նաև ապրանքների շուկայական գների վրա: Այդ ապրանքատեսակներն են.

1. Առաջին անհրաժեշտության մթերքներ: Երրորդ երկրից ներմուծվող և այս ենթախմբին պատկանող հացահատիկային արտադրանքի մաքսատուրքը ըստ տեսակների բարձրանում է 2-4 տոկոսով, կարագը, բուսական ու կենդանական յուղը և ճարպային հիմքով այլ ապրանքներինը՝ 13%-ով:



2. Մսամթերք: 2019թ. առաջին իսկ օրից ներմուծվող մսամթերքի մաքսատուրքերը թանկանալու են 12,5%-ով, իսկ թռչնամսինը՝ 22%-ով։

3. Գյուղմթերք: Գյուղատնտեսական արտադրանքը, ինչպես նաև բանջարեղենի որոշ տեսակներ կթանկանան 10-13%-ով: Սա ևս վերաբերում է այն ապրանքներին, որոնք ներմուծվում են 3-րդ երկրից, որի մեջ հիմնականում մտնում են ցիտրուսային մրգերը և ձմեռային սեզոնում ներմուծվող բանջարեղենը:

4. Գյուղատնտեսական նշանակության ապրանքներ: Այս ոլորտում ևս արձանագրվելու է մաքսատուրքերի ավելացում, որի արդյունքում առնվազն մաքսատուրքերի չափով թանկանալու են պարարտանյութերը՝ 4%-ով, հացահատիկն ու կենդանական կերերը՝ 2-4 %-ով, գյուղատնտեսական գործիքները՝ 3-6%-ով։ Հատկանշական է, որ հատկապես այս ապրանքների թանկացումը հանգեցնելու է նաև գյուղոլորտի տեղական արտադրանքի ինքնարժեքի բարձրացման:



5. Շինանյութ և տնտեսական ապրանքներ: Առաջիկայում 2-5 %-ով թանկանալու են նաև երրորդ երկրներից բերվող թուղթը, անձեռոցիկը, թելերը, կտորեղենը, գործվածքները: Սպիտակեղենը և անկողնային պարագաները կթանկանան 10 %-ով, փայտե արտադրանքը՝ 5-10 %-ով, կերամիկական սալիկները, լամպերը, ապակյա տարաները՝ 10 %-ով, լուսավորության համար օգտագործվող լամպերը՝ 12 %-ով, իսկ այլ տեսակի շինանյութը՝ ավելի քան 5 %-ով:

Սպասվող ցանկը սրանով չի սահմանափակվում, և այստեղ անհրաժեշտ է ավելացնել նաև, որ վերոնշյալ ապրանքների թանկացման արդյունքում կարձանագրվի նաև փոխկապակցված ապրանքների գների բարձրացում, որը կբերի ընդհանուր թանկացումների տնտեսության բոլոր ոլորտներում:



Թանկացումների երկրորդ ալիքը պայմանավորված է սպասվող հարկային բարեփոխումներով: Մասնավորապես նախատեսվում է, որ նոր փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո կթանկանան ալկոհոլային և շաքար պարունակող խմիչքները, ծխախոտը, քանի որ կբարձրացվի ապրանքատեսակների ակցիզային հարկը: Կավելանան նաև բնօգտագործման և բնապահպանական վճարները:

Թանկացումների երրորդ ալիքը պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ: Ինչպես արդեն հայտնի է, հունվարի 1-ից սկսած ռուսական գազը Հայաստանի համար վաճառվում է 1000 խմ-ի համար 165 դոլար սակագնով, ինչը 15 դոլարով ավելի է, քան նախորդ տարվա սակագինը: Թեև իշխանությունը խոստացել է, որ բնակչության համար գազը չի թանկանա, սակայն այն անկասկած բացասական ազդեցություն կունենա տնտեսական զարգացումների վրա, որի մասին առավել մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում:

Ի դեպ, եթե թանկացումների առաջին ալիքն իր բնույթով ինտեգրացիոն է, ապա 2-րդն իրենից ներկայացնում է թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանության տնտեսական քաղաքականության արգասիքը, և այն կարելի է համարել «թավշյա թանկացումներ»:

Իսկ ինչ վերաբերում է 3-րդ ալիքին՝ գազի թանկացմանը, ապա այստեղ, բացի թավշյայից, գործ ունենք նաև «ոչ բռնի և ժողովրդական» թանկացումների հետ, քանի որ վարչապետի մակարդակով ՌԴ-ի հետ գազի սակագնի քննարկման ժամանակ Ֆեյսբուքում քվեարկություն սկսվեց, որի համաձայն՝ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրեցին թանկ գազ՝ իբր ինքնիշխանության ավելի բարձր մակարդակի դիմաց, այդպիսով թանկացումներին հաղորդելով նաև պատմության մեջ աննախադեպ՝ ժողովրդական բնույթ:

Այս ամենին մնում է միայն ԱԱԾ ոճով ավելացնել մեկ ԾԱՆՈՒՑՈՒՄ:

2018 թվականին ՀՀ-ում աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, նվազագույն աշխատավարձը շարունակում է մնալ 55.000 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը 2018 թվականին կազմել է 62.330 դրամ: Սույն հոդվածում քննարկված ապրանքատեսակները կազմում են սպառողական զամբյուղի մի զգալի մասը, և կառավարության կողմից հակադարձ քայլեր չձեռնարկելն էլ ավելի կխորացնի բնակչության անապահով խավի սոցիալական ծանր վիճակը։

Հայկ Բեջանյան

ԴԻՏԵԼ