Անցումային արդարադատությունը սկսվեց․ Ինչ է լինելու





Lragir.am-ը գրում է․ Հայաստանի նախկին իշխող համակարգի մի շարք առանցքային դեմքերի նկատմամբ իրավական գործընթացում դատարանների կայացրած որոշումները տալիս են տարբեր մեկնաբանությունների տեղիք:

Երբ որեւէ առանցքային պաշտոնյայի կալանավորում են, նրա համախոհները դա անմիջապես որակում են քաղաքական հետապնդում եւ ճնշում դատարանի վրա:

Հետո դատարանը նոր որոշումով փոխում է խափանման միջոց կալանքը՝ այս անգամ հայտարարվում է արդարադատության մասին, իսկ բողոքել սկսում են հանրության այլ շրջանակներ, պահանջելով կալանավորել այդ նախկին պաշտոնյային:

Իրավիճակն ինչ որ իմաստով զավեշտի է վերածվում, երբ իրենց պաշտպանյալին կալանավորելիս մարդիկ խոսում են դատարանի վրա ճնշման մասին, իսկ հետո, երբ պաշտպանյալն ազատ է արձակվում, համարում են, որ եղել է արդարադատություն:



Ստացվում է, որ Հայաստանում մի շաբաթ արդարադատություն է, մի շաբաթ՝ ճնշում դատարանի վրա, մի շաբաթ արդարադատություն, մյուս շաբաթ՝ ճնշում դատարանի վրա: Նախորդ շաբաթն օրինակ արդարադատության շաբաթ էր, այդ շրջանակների համար՝ դատարանը ազատ արձակեց գեներալ Մանվելին, թեեւ դա իհարկե չի նշանակում քրեական գործի չեղարկում, փոխվել է պարզապես խափանման միջոցը:

Դա էլ առաջ է բերել էջմիածնեցիների դժգոհությունը, նրանք բողոքում են ու պահանջում են կալանավորել:

Այդ համատեքստում Հայաստանում հնչում են ձայներ, որ իրավիճակն ավելի ու ավելի ակնառու է դարձնում անցումային արդարադատության անհրաժեշտությունը, որպես յուրօրինակ իրավական գործընթաց, որը ներկայիս փուլում իր վրա կվերցնի անկախ արդարադատական համակարգի բացակայության բեռը, քանի որ եղած համակարգը թույլ չի տալիս ունենալ հանրայնորեն վստահելի դատական որոշումներ:

Տվյալ դեպքում իհարկե նկատի է առնվում այն, որ եղած դատական համակարգը կամ պետք է լինի նոր գործադիր իշխանության թելադրանքի տակ, կամ այդ թելադրանքի բացակայությունը դատավորների մի զգալի մասի համար կանաչ լույս կվառի իրենց հին համակարգի շահերը իհարկե ոչ անշահախնդիր պաշտպանելու համար:



Հայաստանում անցումային արդարադատության մասին նախընտրական շրջանում խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, հարցը դնելով նախկին պաշտոնյաների յուրացրածը պետությանը վերադարձնելու դիմաց ներման մեխանիզմ որոշելու համատեքստում, օրինակ որոշելու համար, թե քանի՞ տոկոսի վերադարձն է արժանի ներման, կամ մինչ այդ որոշելու համար, թե ինչքան է յուրացրածի չափը:

Սրանք անշուշտ բարդ հարցեր են եւ թվում է, որ իսկապես անհնար է լուծել առանց անցումային արդարադատության մեխանիզմների:

Մյուս կողմից, անցումային արդարադատությունը Հայաստանում փաստացի սկսված գործընթաց է, պարզապես խոսքն այս դեպքում ոչ ֆորմալ անցումային արդարադատության մեխանիզմների մասին է: Պարզապես Հայաստանը կատարում է անցում դեպի արդարադատություն, որը տեղի է ունենալու ճգնաժամի միջով:

Բանն այն է, որ խոշոր հաշվով Հայաստանում դատական խորքային ճգնաժամ է, որը ռիսկեր ու անհարմարություններ է պարունակում գործնականում բոլոր ուղղություններով, թե հանրության համար, թե նոր իշխանության՝ որը պետք է լուծի հնի յուրացրածը պետությանն ու հանրությանը վերադարձնելու խնդիրը, թե նաեւ հին իշխանության ներկայացուցիչների համար:



Թվում է, որ նրանք ամենաշահեկան վիճակում են, քանի որ հնարավորություն ունեն խուսանավել եւ փաստացի հրաժարվել վերադարձնելուց:

Սակայն, որքան նրանք օգտագործում են արդարադատության խորքային բացակայության հնարավորությունը, այդքան թվացյալ պաշտպանվածությունը կամ խուսանավումը հանգեցնում է հանրային կոշտ ռեակցիաների, եւ դրանք կարող են բերել էլ ավելի կոշտ հետեւանքների, քան հանրության հետ վերադարձի եւ ներման հարցում երկխոսությունը:

Ընդ որում, այստեղ շատ կարեւոր է այն, որ երկխոսությունը չի կարող լինել հավասարը հավասարի հետ, որովհետեւ նախկին իշխող համակարգը իր իշխանության տարիներին այնպես եւ այնքան է խախտել հավասարությունը, որ ներկայումս չի կարող իրավիճակի փոփոխության պարագայում հավակնել հավասար կարգավիճակի:

Պայմանները թելադրում է հանրությունը, պարզապես դրա համար է անհրաժեշտ երկխոսության ճանապարհը, ավելի կոշտ պայմանների չարժանանալու համար:

Խոշոր հաշվով, ներկայիս գործընթացները պետք է որ հասունացնեն այդ գիտակցումը իշխանության նախկին համակարգի ներկայացուցիչների մոտ:

 

Միայն առերեւույթ կարող է թվալ, թե ժամանակն աշխատում է նրանց օգտին: Խորքում նրանք թերեւս լավ են պատկերացնում, որ դա այդքան էլ այդպես չէ, եւ խնդիրն այստեղ ամենեւին ներհայկական չէ՝ համաշխարհային է:

Ըստ այդմ, անցումային արդարադատությունը սկսում է ներկայիս համակողմանի ճգնաժամից կամ փակուղուց, երբ թվացյալ շահող կողմը սկսում է հասկանալ, որ իրականում կարող է լինել ամենակորցնողը, եւ ավելի շահեկան է լինել հաստատվող արդարադատության գինը վճարողը, քան դառնալ արդարադատության բացակայության «զոհը»:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

ԴԻՏԵԼ