Նիկոլ Փաշինյանը ապրիլյան պատերազմի մասին





Ապրիլյան քառօրյա պատերազմի շուրջ կան շատ հարցեր, որոնք անհանգստացնում են. Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ապրիլյան պատերազմի վերաբերյալ նաև այս վերջին քննարկումները ցույց տվեցին, որ շատ հարցեր կան, որոնք ինձ էլ են շատ հետաքրքրել ու անհանգստացրել, և այսօր էլ ես դրանցով զբաղվում եմ:

Դա շատ կարևոր է նաև հետագայի համար, բայց ինչ ասել եմ՝ դա իրողություն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին իր խորհրդական նշանակելու որոշման շուրջ քննարկումներին ու քննադատություններին:



Արշակ Կարապետյանը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, ընդգծել էր՝ նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ:

Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին այդ իրադարձությունների արդյունքում գործից հանել է Սերժ Սարգսյանը, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը փաստորեն արդար դատավոր է, և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել:

Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»,- ասել էր Փաշինյանը:



ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել էր, որ թեմայի շուրջ հնչող հարցերը վկայում են այն մասին, որ մեր հանրությունը, մենք բոլորս ունենք շատ հարցեր ապրիլյան պատերազմի վերաբերյալ: «Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է հանգիստ գտնենք այդ հարցերի պատասխանները:

Դրանց այն մասը, որը հնարավոր է ներկայացնել հանրությանը, պետք է ներկայացնենք հանրությանը:

Նա հավելել էր, որ քառօրյա պատերազմի մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, և դա իմացել են բոլորը:



«Ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի գնահատականներ տալ նախկինում տեղի ունեցած մանրամասների վերաբերյալ, որովհետև կարծում եմ, որ մենք այդ գնահատականները պետք է գտնենք»,- նշել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Հարցին, թե ո՞վ է առաջարկել Արշակ Կարապետյանի թեկնածությունը վարչապետի խորհրդականի պաշտոնում, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պատասխանել էր, որ ոչ ոք չի առաջարկել, ինքն է այդ որոշումը կայացրել:

«Համոզված եմ, որ նա իր պարտականությունները կկատարի:

Ես արդեն ասացի, որ մենք պետք է մտածենք բարձրացված գլոբալ հարցերի պատասխանները գտնելու վերաբերյալ, իսկ եթե որևէ փուլում հարցեր կծագեն, այս կարգավիճակում նա ավելի մեծ պարտավորություն կունենա հարցերին կոնկրետ պատասխանելու»,- ընդգծել էր Փաշինյանը:

Անդրադառնալով մեկնաբանություններին, թե ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել՝ Փաշինյանը նշել էր, որ այս ընթացքում բազմաթիվ բանավոր և գրավոր տեղեկություններ են ստացվում, որոնք որոշակի տեղեկություններ են և դեռ ստուգման կարիք ունեն:

«Ես գիտեմ, որ այդպիսի վարկած եղել է, որը լայնորեն քննարկվել է:

Մի բանում կարող եք չկասկածել, որ մեր բոլոր գործողությունները ուղղված են լինելու մեզ համար կարևոր ճշմարտությունները բացահայտելուն, եթե նույնիսկ առաջին հայացքից դրանք կարող են հակառակ տպավորություն թողնել»,- ընդգծել էր նա:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

 

ԴԻՏԵԼ