ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: Կառավարության փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նախ կայացել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Խորհրդի մասնակիցներն ամփոփել են Եվրասիական տնտեսական միության տարեկան աշխատանքները Ռուսաստանի Դաշնության նախագահության ընթացքում, ընդգծվել են եվրասիական ինտեգրման հետագա խորացման առանցքային ոլորտները, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան, թվային օրակարգը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խոչընդոտների ու սահմանափակումների վերացման, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ապահովման, ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսաարժույթային ու դրամավարկային քաղաքականության մոտարկման և ապագայում միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ինչպես նաև միության թվային օրակարգի իրականացման, նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները դիտարկել են նաև կազմակերպության գործունեության ընթացիկ և կազմակերպչական հարցերը:

Որոշում է կայացվել 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին:

 

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ, եւ որ Հայաստանը  պատրաստ է հետայսու նույնպես գործադրել բոլոր ջանքերը ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործման և համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնելու համար: «Այս համատեքստում կցանկանայի նշել, որ Հայաստանը ողջունում է «Ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը» և սատարում է այդ փաստաթղթի դրույթները, որոնք սահմանում են մեր համագործակցության փիլիսոփայությունը և դրա զարգացման հիմնական ուղղությունները:… Հայաստանը հատկապես կարևորում է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան: Մենք լիովին աջակցում ենք «ԵԱՏՄ-ի 2019 թ. միջազգային գործունեության հիմնական ուղղություններին» և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Մենք առաջնային ենք համարում համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաև այն երկրների հետ, որոնք մեր անմիջական առևտրային գործընկերներն են: Հայաստանը պատրաստ է դառնալ արդյունավետ հարթակ Իրանի հետ առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Մենք նաև պատրաստ ենք ակտիվ դեր խաղալ Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում:

Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Իրանի և Չինաստանի հետ պայմանագրերը, որքան հնարավոր է, շուտ ուժի մեջ մտնեն:

Հայաստանի կառավարությունն ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը, և շուտով՝ խորհրդարանական ընտրություններից հետո, դրանք կներկայացնեն երկրի Ազգային ժողովի հաստատմանը»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի ներկայացուցվածության հարցին՝ Փաշինյանն ասել է, որ առաջնորդվելով գործընկերային փոխհարաբերությունների և միության գործունեության հետ կապված կառուցողական մոտեցման սկզբունքներով՝ ինքը չի պնդում անհապաղ քննարկել այդ հարցը և համապատասխան որոշում կայացնել:

«Այնուամենայնիվ, սա մեզ համար զգայուն հարց է, և մենք կցանկանանք այն թողնել մեր քննարկումների ընդհանուր օրակարգում` բոլորիս համար փոխշահավետ լուծում գտնելու համար:

Եվ, ավարտելով ելույթս, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը պատրաստ է ընդունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահությունը և ուրախ է հյուրընկալել խորհրդի նիստերից մեկը:

Մենք կգործադրենք բոլոր ջանքերը այդ կարևոր և պատասխանատու խնդրի հաջող լուծման համար։ Հուսով եմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված միություն, որը կծառայի է մեր տնտեսությունների, պետությունների և ժողովուրդների շահերին»,- ասել է նա:

PAKEL