«Սասուն Միքայելյանը ստախոս է և ճողոպրել է Օմարից այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը». Շահնազարյան

«Սասուն Միքայելյանը ստախոս է և ճողոպրել է Օմարից այնպես, ինչպես երեկ Նիկոլ Փաշինյանը ճողոպրեց ինձնից»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը՝ նկատի ունենալով Փաշինյանի կողմից իր բանավեճի հրավերը մերժելը:

«Առաջինը, Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է:

Երկրորդ, այդ հարցի պատասխանն ինքը չէր կարող տալ, որովհետև եթե ճիշտ պատասխաներ, պետք է ասեր, որ՝ «ես եմ ճողոպրել Օմարից», այնպես, ինչպես երեկ Նիկոլ Փաշինյանը ճողոպրեց ինձնից»,- նշեց նա:

Շահնազարյանը հրազդանցիներին հորդորեց ընտրել ՀՀԿ-ին, որպեսզի այնտեղ ճորտատիրական կարգեր չհաստատվեն․ «Կոչ եմ անում զրո ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին, քանի դեռ այնտեղ ընդհանրապես ճորտատիրական իրավունքներ չի հաստատել Սասունը»,- ասաց Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ երեկ Դավիթ Շահնազարյանն ասել էր, որ Սասուն Միքայելյանն այն հրամանատարներից մեկն էր, որոնք ազատամարտի տարիներին զիջեցին Օմարի բարձունքները, ինչից հետո Վազգեն Սարգսյանը նույնիսկ ցանկանում էր գնդակահարել Սասուն Միքայելյանին։ Ի պատասխան Սասուն Միքայելյանն ասել էր, որ Օմարի լեռնանցքը, նախքան իր այնտեղ հասնելը, արդեն հանձնված էր:

Միքայելյանն անհիմն հայտարարություն է որակել Շահնազարյանի մեղադրանքները՝ ասելով, որ զանգել է Շահնազարյանին՝ բացատրություն պահանջելու անհիմն հայտարարությունների համար:

«Ինքն իմացել է՝ ես եմ, միանգամից անջատել է հեռախոսը»,- ասել է Սասուն Միքայելյանը:

Շահնազարյանի խոսքով՝ Սասուն Միքայելյանը իրեն զանգել էր արդարանալու․ «Նա ինձ զանգել է, ես նրան ասել եմ՝ քո պրոբլեմն է: Զանգել էր արդարանալու, այնուհետև ես անջատել եմ հեռախոսը»,- ասաց նա: Հիշեցնենք, որ այսօր հայտարարություն էր տարածվել, ըստ որի՝ Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

PAKEL