ՈՒՇԱԳՐԱՎ․ Գագիկ Ծառուկյանի կոշտ պատասխանը Ռոբերտ Քոչարյանին. պատմությունը կրկնվում է




Lragir.am-ը գրում է․

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի քննարկում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքին միանալու հարց: Տոնոյանը ասել է, որ ԲՀԿ-ն խորհրդարանի երկրորդ ուժն է եւ ունի իր պլանները:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի ստեղծման մասին հայտարարվեց հանգստյան օրերին: Դրանում ներգրավված չէ որեւէ արդիական քաղաքական ուժ:

Դաշինքը ստեղծվեց Ռոյթերին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հրապարակումից հետո, որտեղ նա հայտնել էր Հայաստանում նոր հզոր քաղաքական միավորման ստեղծման մասին, որը մարտահրավեր կնետի գործող իշխանությանը: Երկրորդ նախագահը չէր մանրամասնել, թե հատկապես ինչ ձեւաչափի մասին է խոսքը, բայց ասել էր, որ ինքն էլ կմիանա այդ ուժին:

Գործնականում նրա այդ հայտարարությունը, մինչեւ իշխանությանը մարտահրավեր դառնալը, մարտահրավեր է բոլոր այն ուժերին, որոնք հավակնում են լինել նոր իշխանության ընդդիմություն: Փաստացի, երկրորդ նախագահը հայտարարում է, որ առանց իրեն նրանք ոչինչ էլ լինել կամ դառնալ չեն կարող, համենայն դեպս չեն կարող լինել իշխանությանը մարտահրավեր նետելու ունակ ուժ:

Բնականաբար, հաշվի առնելով, որ ըստ հերթականության ԲՀԿ-ն առաջինն է «ընդդիմությունների» շարքում, Ռոբերտ Քոչարյանի մարտահրավերն առաջին հերթին ուղղված է ԲՀԿ-ին: Այդ իմաստով, Իվետա Տոնոյանի հայտարարությունը փաստացի ստացվում է պատասխան Ռոբերտ Քոչարյանին:

Դա հետաքրքիր է ստացվում այն իրողության ֆոնին, որ առկա է Գագիկ Ծառուկյանի մանդատի շուրջ: Իմ քայլը իշխող մեծամասնությունը այդ հարցը քննարկեց, սակայն չտվեց քաղաքական գնահատական, հայտարարելով, որ սպասում է իրավապահներին: Միաժամանակ, գլխավոր դատախազը հայտարարել էր, որ ձեռնարկատիրության եւ մանդատի համատեղելիության հակասահմանադրականության մասին ՔՈ դիմումը հասցեագրել է ՀՔԾ-ին, որտեղ նյութեր են պատրաստվում, քանի որ կան քրեական հատկանիշ պարունակող հանգամանքներ:

Գագիկ Ծառուկյանն էլ օրերս հայտարարել էր, որ չունի մանդատ պահելու խնդիր եւ սպասում է իրավապահների եզրակացությանը: Ի՞նչ եզրակացություն են տալու իրավապահները: Նրանք լեգիտիմացնելու՞ են Ծառուկյանի մանդատը, թե՞ ընթացքը կբերի նրան, որ ԲՀԿ նախագահը կհայտարարի մանդատը վայր դնելու մասին:

Ի՞նչ կմնա դրանից հետո ԲՀԿ-ում:

Բանն այն է, որ գրեթե համանման իրավիճակում ԲՀԿ-ն մի անգամ արդեն հայտնվել է՝ 2015 թվականի փետրվարին: Իհարկե, հարցերն այդ ժամանակ կուսակցության կամ դրա առաջնորդի առաջ դրվեցին այլ քաղաքական համակարգի, այլ «մշակույթի» տրամաբանության ներքո, Սերժ Սարգսյանի հայտնի ելույթով:

Ելույթի տողատակն այն էր, որ Գագիկ Ծառուկյանին օգտագործում են իբրեւ վահան եւ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործիք, օգտվելով այն հանգամանքից, որ նա չունի քաղաքական իրավիճակների գնահատման համար պահանջվող հատկանիշներ: Սարգսյանը չէր նշել հատկապես, թե ովքե՞ր են օգտագործում կամ նրա թիկունքում կանգնած առաջ մղում նրան:

Բայց, հաշվի առնելով այն, որ նրա նախագահության տասնամյակը փաստացի ընթացավ իշխող համակարգի երկու գլխավոր թեւերի՝ Սարգսյանի եւ Քոչարյանի միջեւ բավականին նկատելի, իսկ երբեմն էլ թեժ դիմակայությամբ, հնարավոր էր եզրակացնել, որ Սարգսյանն ակնարկում էր հենց այն մասին, որ Ծառուկյանին օգտագործում է Ռոբերտ Քոչարյանը:

Ի դեպ, հատկանշական էր, որ քաղաքականությունը թողնելու ԲՀԿ նախագահի որոշումից հետո ԲՀԿ-ն թողեցին մի շարք գործիչներ, որոնք ԲՀկ առավել արմատական եւ կոշտի թեւն էին կազմում եւ որոնք այս կամ այն կերպ շոշափելիորեն ասոցացվում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Արդյոք իրավապահների եզրակացության արդյունքում ԲՀԿ նախագահ Ծառուկյանը վայր կդնի մանդատը: Երկու դեպքում էլ՝ նաեւ մանդատը չդնելու, թերեւս աստիճանաբար օրակարգային է մնալու հարցը, թե արդյոք ԲՀԿ-ն ամբողջական է այն պլաններում, որոնց մասին խոսում է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ու որոնցում չկա Ռոբերտ Քոչարյանի ազդարարած հզոր քաղաքական միավորման մաս կազմելը:

Թե՞ կուսակցությանը սպասում է նոր արտահոսք, արդեն կախված ոչ թե Ծառուկյանի մնալ-չմնալուց, այլ երկրորդ նախագահի հանդեպ դիրքորոշումից:

Թեեւ հնարավոր է, որ այդ դիրքորոշումից է կախված նաեւ Ծառուկանի վերաբերյալ իրավապահների եզրակացությունը: